Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Արթուր Վանեցյան. Վերջին 30 տարիներին հայ ժողովրդի հավաքական ամենամեծ ձեռքբերումն ազատ ու անկախ Արցախի գոյությունն է

Արթուր Վանեցյան. Վերջին 30 տարիներին հայ ժողովրդի հավաքական ամենամեծ ձեռքբերումն ազատ ու անկախ Արցախի գոյությունն է
03.09.2020 | 12:32

Արցախի անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ կուսակցության խորհրդի, մի խումբ անդամների ու աջակիցների ուղեկցությամբ, երեկ այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների հիշատակին, հայտնում են կուսակցությունից: Ծաղիկներ խոնարհելով Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հուշարձանին, Ապրիլյան պատերազմի զոհերի, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ու Զորավար Անդրանիկի շիրիմներին՝ «Հայրենիք»-ի անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը։ «Արցախի անկախության նվաճումը հայ ժողովրդի նորագույն պատմության կարևորագույն իրադարձությունն է։ Այն տոն է դարձել՝ շնորհիվ այստեղ հանգչող հերոսների», - շնորհավորելով կուսակից ընկերներին՝ ասաց Արթուր Վանեցյանը՝ շեշտելով, որ համայն հայության ջանքերը պետք է մեկտեղել՝ ընդլայնելու Արցախի անկախության ճանաչման քարտեզը։


Անկախ Արցախի հոբելյանի առթիվ Արթուր Վանեցյանը նաև շնորհավորական ուղերձ է հղել քաղաքացիներին․«Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման օրն է։ Այս օրը տոն է բոլորիս համար։ Վերջին 30 տարիներին հայ ժողովրդի հավաքական ամենամեծ ձեռքբերումն ազատ ու անկախ Արցախի գոյությունն է, հայոց բանակի կայացումն է, մեր միասնական հայրենիքի երկու հատվածներում պետականության ամրապնդումն ու հզորացումն է։ Եռաբլուրը Արցախի արևմտյան սահմանն է՝ ամենաամուրը, որ ստիպում է ամեն օր ավելի ու ավելի ամրանալ արևելյանին՝ առաջնագծին։ Հարգանքի և խոնարհումի տուրք մատուցելով Արցախյան գոյապայքարում իրենց կյանքը նվիրաբերած մեր հերոսների հիշատակին՝ այսօր մենք վճռական նայում ենք առաջ ու հիշում, որ Արցախի անկախության հռչակման այդ պատմական փաստաթուղթը դեռ սպասում է իր լիարժեք կենսագործմանը, հատկապես Շահումյանի շրջանի և Արցախի օկուպացված մյուս հատվածների վերադարձին։
Փառք ու պատիվ մեր տղաներին, սահմանում կանգնած սպաներին ու զինվորներին, փառք ու պատիվ մեր բանակին։ Շնորհավորում եմ մեր ժողովրդին այս փառահեղ օրվա կապակցությամբ, մաղթում եմ մեր հայրենիքին խաղաղություն, միասնականություն և նորանոր հաղթանակներ»:

Դիտվել է՝ 592

Մեկնաբանություններ